Գեղարվեստական ապակին ընդգրկում է կապարային, ոչ կապարային, անգույն, գունավոր և անթափանց ապակուց ստացված իրերը, որոնք նախատեսվում են կենցաղային կարիքների, բնակարանը զարդարելու, կուլտուրկենցաղային հիմնարկները հարդարելու համար։ Այդ իրերը դասակարգվում են ըստ կիրառման՝ ճաշի և թեյի սպասք, գեղարվեստադեկորատիվ իրեր, ըստ արտադրության եղանակի՝ փչովի, մամլափչովի են, մշակման՝ գեղարվեստորեն ձևավորված (արտադրության ընթացքում), հղկված, փորագրված, արծնով և ներկերով նախշազարդված են, ապակու տեսակի՝ անգույն, բյուրեղային, գունավոր (ամբողջությամբ ներկված), շերտածածկ։ Գեղարվեստական ապակուց պատրաստում են՝ բաժակներ, գավաթներ, ծաղկամաններ, մատուցարաններ, ջահեր։